Խարկովի բնակիչը, ով փորձում էր ինքնաթիռ գրավել, ծրագրում էր ահաբեկչություն կազմակերպել ու պահանջում էր ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԽ) գլխավոր քննչական վարչության պետ Մաքսիմ Լենկոն, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Նրա խոսքով՝ այս ուղեւորը թռիչքի ժամանակ փոչձել է ներխուժել օդաչուների խցիկ: Ընդ որում նա պահանջում էր շեղել ուղղությունը դեպի Սոչի, որտեղ, նրա խոսքով, «Պուտինն ու Յանուկովիչն են գտնվում, որոնց ձեռքերն արյունոտ են»: Ձերբակալվածը նաեւ պահանջում էր ազատ արձակել «Ուկրաինայի բոլոր գերիներին»:

Ինչպես նշել է Մ.Լենկոն, պայմանները չկատարելու դեպքում ձերբակալվածը սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը՝ հաղորդելով, որ պայթուցիկ սարք ունի: Հետո ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է հանգստացնել ուղեւորին՝ գործի դնելով խաբուսիկ հնարք:

Այսօր ՈւԱԽ Խարկովի մարզի գլխավոր քննչական վարչությունում մինչդատական հետաքննություն է անցկացվում ահաբեկչություն գործելու սպառնալիքի փաստի առթիվ: Վերոհիշյալ իրավախախտման մասին որոշում կայացնելու համար հիմք է ծառայել հաղորդագրությունը Քննչական վարչություն այն մասին, որ Ուկրաինայի քաղաքացին փորձել է օդում ինքնաթիռ գրավել 110 ուղեւորների հետ միասին: Այժմ իրավախախտը Թուրքիայում է, գտնվում է կալանքի ներքո: Քրեական գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով ու 278 հոդվածի 1-ին մասով: