Գյումրիի՝ իր էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ միայն լուրջ խնդիրներ ունի սեփական որդուն ճիշտ ուղու վրա կանգնեցնելու գործում, այլեւ լրագրողների հետ շփվելիս:
NEWS.am-ը փորձեց Ղուկասյանի մեկնաբանությունները ստանալ հուլիսի 16-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում կատարվածի առնչությամբ, որտեղ Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ հրաձգություն էր կազմակերպել: Գյումրիի քաղաքապետի հետ NEWS.am-ի թղթակցի հեռախոսազրույցը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ՝Հայաստանում իր մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետի էությունը ավելի լավ պատկերացնելու համար:
Պարոն Ղուկասյան, Ձեզ NEWS.am գործակալությունից են անհանգստացնում, կարո՞ղ եք մի քանի հարցի պատասխանել:
Ի՞նչ գործակալություն է դա:
Լրատվական գործակալություն է:
Ասեք, ի՞նչ կա:
Ձեր որդու հետ կապված միջադեպի վերաբերյալ Ձեր մեկնաբանություններն էինք ցանկանում լսել: Ի՞նչ կասեք Սառնաղբյուր գյուղում կատարվածի վերաբերյալ:
Ձեզ ո՞վ է վարձատրել, որ ուզում եք իմանալ: Հաստատ ձեզ վարձատրում են:
Ոչ, բացարձակ:
Նմանատիպ վարձատրված կառույցներից ես զզվում եմ, իմ որդին էլ այդտեղ ընդհանրապես գործ չի ունեցել: Եթե նա այդտեղ չի եղել, ի՞նչ մեկնաբանություն պիտի՞ լսես:
Այսինքն Դուք ուզո՞ւմ եք ասել, որ Ձեր որդին Սառնաղբյուրում չի եղել:
Ես այդպես չեմ ասում: Այո, հենց ասում եմ այդպես, երկրորդն էլ քեզ ո՞վ է փող տվել, որ դու հետաքրքրվում ես:
Ես լրագրող եմ, դրա համար էլ հետաքրքրվում եմ:
Է~, լրագրողների 99 տոկոսը այսօր փողով են աշխատում, օրինակ, քեզ ո՞վ է վարձատրել: Ու մյուս անգամ էս հեռախոսով զանգ չտաս:
NEWS.am-ը հիշեցնում է, որ հուլիսի 16-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր «ախպերության հետ» կրկին ծեծկռտուք էր սարքել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Արդյունքում հրազենային վնասվածքով մեկ անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել Ղուկասյանի որդուն եւ նրա սափրագլուխ ընկերներին, բայց հետո քր.գործ հարուցել միայն քաղաքապետի որդու ընկերներից մեկի դեմ: Համաձայն ոստիկանության հաղորդագրության, կրակոցներից տուժել էր գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը, որին հրազենային վնասվածքով տեղափոխել էին Գյումրիի հիվանդանոց: Նա ընդմիշտ հաշմանդամ կմնա, քանի որ գնդակը ջախջախել էր ձախ ոտքի ոսկորը:


























