«Հայոց ցեղասպանությունն ու Արեւմտյան Հայաստանը» գիտաժողովը կայացել է նախօրեին՝ ապրիլի 17-ին Կուբանի Սլավյանսկում:

Ազգամիջյան բարեկամության ակումբի նախագահ Անահիտ Մելտոնյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունն ու ճանաչման հարցի ներկայիս իրավիճակը: «Համշեն» կենտրոնի նախագահ, Ապշերոնսկի քաղխորհրդի պատգամավոր Արտավազդ Թուլումջյանը ներկայացրել է հայերի ներկայիս վիճակը Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում, իսկ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն էլ զեկույց է պատրաստել «Հայ ժողովրդի տարածքային իրավունքների վերականգնման մասին» թեմայով:

Գիտաժողովի մասնակիցները Ցեղասպանության մասին ֆիլմ են դիտել:

Նրանք նաեւ դիմել են Կրասնոդարի մարզի օրենսդիր մարմնին՝ խնդրելով արտահայտել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ համապատասխան դատապարտող հայտարարություն անել, հաղորդում է «Երկրամաս» թերթը:

Նշենք, որ Ռուսաստանն արդեն 1995թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: