Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը: Նա նաեւ հրաժարվել է բացահայտել մանրամասները:

«Մենք չենք պատրաստվում խորամուխ լինել մանրամասների մեջ՝ նամակագրության բովանդակության կապակցությամբ»,- ասել է նա: Համմերը նշել է, թե ամերիկյան առաջնորդը չի պատրաստվում պատասխանել Ահմադինեջադի նամակին: «Մենք չենք ծրագրում պատասխանել նամակին, քանի որ պատասխանելու բան չկա»,- ասել է ԱԱԽ ներկայացուցիչը:

Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նմանօրինակ ուղերձով Ահմադինեջադը դիմել էր նաեւ ամերիկյան նախորդ վարչակազմին: 2006թ. Իրանի նախագահը նամակ էր հղել Ջորջ Բուշին: 18-էջանոց փաստաթղթում նշված էին տարաձայնությունները հարթելու ուղիները: Բուշը եւս չէր պատասխանել նամակին։