Վերջին 12 տարում Հայաստան ներկրվել է մոտ 312,6 հազ. ավտոմեքենա, որոնցից 67,2 հազ. միավորը (կամ ընդհանուր ծավալի 21,5%-ը)՝ Ռուսաստանից: Նշենք, որ այս երկրից ներկրման առավելագույն ծավալ դիտվել էր հեռավոր 2003-ին՝ մոտ 9,8 հազ. միավոր: Հաշվետու տարվա արդյունքներն ավելի համեստ են՝ ընդամենը 2,4 հազ. ավտոմեքենա:

2013-ին, նախորդ տարվա համեմատ, բոլոր տեսակի մեքենաների ներկրումն աճել է 6,4 հազ. միավորով (կամ 18,5%-ով)՝ հասնելով 41,1 հազ. միավորի: Այս աճն ապահովվել է թեթեւ մարդատար մեքենաների ավելացմամբ:  Արդյունքում թեթեւ մարդատար մեքենաների ներկրումը տարվա ընթացքում աճել է 2,2 տոկոսով՝ կազմելով  93,9%:

Անցյալ տարի, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, ներմուծված թեթեւ մարդատար մեքենաների միջին մաքսային արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել էր 313 դոլարով` կազմելով 6,6  հազար դոլար մեկ միավորի համար: Չնայած դրան` թեթեւ մարդատար մեքենաները երրորդ տեղն են զբաղեցրել  խոշոր քանակով ներկրված ապրանքների ցուցակում` բնական գազից եւ նավթամթերքից հետո:

Նշենք, որ վերոնշյալ  ապրանքների ներմուծումը ուղղակի կապված է մեքենաների շահագործման հետ: Օրինակ` գազալցակայանները օգտագործում են երկրի բաժանորդների համար մատակարարված  բնական գազի պաշարների համարյա մեկ երրորդը:

Ըստ պաշտոնական վիճակագրության` անցյալ տարի մեքենաների վաճառքի ծավալը  կազմել է 84,2 միլիարդ դրամ, այն նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 11,8%-ով: Նշենք, որ տվյալ ցուցանիշն ընդգրկում է նաեւ ավտոպահեստամասերի իրացումը, տեխնիկական սպասարկման եւ մեքենաների վերանորոգման  վճարները: 

Ըստ պաշտոնական տվյալների` 2013թ.  բենզինի միջին մանրածախ գներն աճել են տարեկան հաշվարկով 0,5%, իսկ դիզելային վառելիքինը` 3,0%: Այս տարվա հունվարին Երեւանում,   անցյալ տարվա հունվարի համեմատությամբ, սեղմված գազի 1 խմ-ի լիցքավորումը թանկացել է 1,7%-ով: Շատ վարորդներ բողոքում են, որ «լրիվ» լիցքավորման համար իրենցից հավելավճար են պահանջում: 

Հասկանալի է` որքան մաշված է ներքին այրման շարժիչը, այնքան ավելի վառելիք է ծախսում տվյալ մեքենան: Գաղտնիք չէ, որ մեծամասամբ ներկրվում են համեմատաբար էժան մեքենաներ, որոնց մասին վկայում է նրանց միջին մաքսային արժեքը:

Նման մեքենաներ ներմուծելու գլխավոր աղբյուրը դարձել է Գերմանիան, որտեղից անցյալ տարի մեր երկիր է ներկրվել 22,3 հազար մեքենա` 4,6 հազար դոլարից մի փոքր ավելի միջին գնով: Երկրորդ երկիրը Ճապոնիան է` 8,3 հազար մեքենա` 8,8 հազար դոլար միջին արժեքով:

Ալբերտ Խաչատրյան