Ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա նորաստեղծ «Նաիրի» լարային քառյակը. 1-ին ջութակ` Տիգրան Մաթեւոսյան, 2-րդ ջութակ` Լուսինե Աղաբաբյան, ալտ` Արմեն Թորոսյան, թավջութակ` Լեւոն Առաքելյան: Քառյակի գլխավոր պրոդյուսերն է Արման Ծատուրյանը:
Համերգին երիտասարդները կնվագեն Հայդնի, Դվորժակի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաեւ նոր ու պակաս ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Պետական կոնսերվատորիայի 4 շրջանավարտներից բաղկացած քառյակը «Նաիրի» անվամբ սկսել է հանդես գալ բոլորովին վերջերս, թեեւ մինչ այդ էլ նրանք միասին ելույթներ ունեցել են եւ մեծ փորձառություն ունեն այդ ասպարեզում: Երիտասարդ երաժիշտները վերջերս նվագել են նաեւ Հայաստանում գտնվող իտալացի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիեդրոդարկիի եւ կիթառահար Լուկա Լուչինիի հետ: «Նաիրի»-ն նաեւ մի շարք փառատոների ու մրցույթների է մասնակցել. դրանցից վերջինն էլ Վրաստանում էր:




























