Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այն աշխատակիցները, որոնք 1974-ից հետո են ծնվել, եւ որոնց աշխատավարձերը ենթակա չեն պարտադիր 5% գանձման։
«Հարցը միայն էդ պահումները չի, հարցը անգամ արժանապատիվ աշխատավարձը չի, ուղղակի սա պիտի դառնա, չէ՞, պետություն, որ մեր սերնդին էլ նորից չդնեն եւ մորթեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգիչ, 48-ամյա Լեւոն Հարությունյանը:
Նշենք, որ այսօր, փետրվարի 10-ին, թատրոնի անձնակազմը բոյկոտել է ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չի եկել:
Աշխատակիցների խոսքով, իրենք այսօր են աշխատավարձ ստացել եւ տեսնելով, որ 5% պահումներ են կատարվել, հրաժարվել են աշխատել:
«Մեզ ասել են, եթե էդ օրենքը մտնի ուժի մեջ, էդ գումարը մենք ձեզ հետ չենք տա, բայց եթե օրենքը չեղյալ համարվի, գումարը հետ կտանք: Բայց մենք դրան չեն հավատում, եթե անգամ չընդունվի, գումարները հետ չեն տա»,- ասաց թատրոնի աշխատողներից մեկը:
Օպերայի բակում թատրոնի բոյկոտող աշխատակիցներին էին միացել նաեւ այն մարդիկ, որոնք 19:00-ին եկել էին դիտելու «Անուշ» օպերան: Նրանք չէին դիտել օպերան, բայց ողջունեցին դերասանների քայլը, վանկարկեցին «բրավո, բրավո» եւ դերասաններին նվիրեցին այն ծաղիկները, որ պատրաստվում էին տալ ներկայացումից հետո:
Թատրոնի աշխատակիցներին աջակցելու էին եկել «Դեմ եմ» թիմի անդամները, որոնք կոչ արեցին բոլոր քաղաքացիներին հետեւել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների օրինակին՝ թույլ չտալով իրենց աշխատավարձերից գանձել 5% կուտակային վճարը:
«Պետք չի կատարել կառավարության կամքը, հարգելի թատրոնի տնօրեն, էսօր դու կաս, վաղը չկաս, պետք չէ հարյուրավոր մարդկանց ճակատագրեր որոշել: Շատ կան մարդիկ, ումից հիմնարկներում գումար են պահել, սակայն նրանք լռում են: Մի լռեք, տեր եղեք ձեր իրավունքին: Իմացեք՝ երեխան մինչեւ չի լացում, մայրը կուրծք չի տալիս, բայց դուք մի լացեք, այլ պահանջեք»,- Օպերայի բակում հայտարարեց «Դեմ եմ» թիմի անդամ Կարեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:


























