Երեւանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ներկայացնելով հարցը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ քաղաքապետարանը հետեւողական է այդ ծրագիրն ամբողջությամբ ավարտելու հարցում եւ տարեկան բյուջեով արդեն իսկ նախատեսված մեկ բազմաբնակարան շենքից զատ, այս տարի նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելով սկսել եւս 2 բազմաբնակարան շենքերի շինարարություն ու արդեն 2015թ. տարեվերջին լուծել ներկայում մայրաքաղաքում հաշվառված բոլոր չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:

Երեւանի ավագանին նաեւ միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ սպորտի եւ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանի եւ հայ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, աստղաֆիզիկոս Լյուդվիգ Միրզոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Ավագանին հավանություն է տվել նաեւ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկներին:

Ավագանու որոշմամբ Երեւանն այսուհետ կանդամակցի բնապահպանական «Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային ցանցին, որին անդամակցում են աշխարհի 1000-ից ավելի քաղաքապետարաններ ու մունիցիպալ կազմակերպություններ:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը, նախաձեռնության հեղինակների առաջարկությամբ, հանվել են օրակարգից, իսկ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրակարգի 17-րդ կետով արված առաջարկությունը ավագանին քվեարկությամբ մերժել է ձայների 4 կողմ եւ 49 դեմ հարաբերակցությամբ:

Կանոնակարգի փոփոխությանն առնչվող ավագանու ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից համատեղ արված մեկ այլ առաջարկություն ձայների 45 կողմ եւ 4 դեմ հարաբերակցությամբ արժանացել է ավագանու հավանությանը: