Սարդարապատի թանգարանի մի խումբ աշխատակիցների փետրվարի 11-ին ավտոբուսով տեղափոխել են Արմավիր քաղաքում գտնվող ՎՏԲ բանկ՝ կենսաթոշակային ֆոնդ ընտրելու։
Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ աշխատակիցներին ստիպողաբար են տարել բանկ։
«Աշխատողներն իրենց կամքով են գնացել, բավարարու՞մ է ձեզ»,-ասաց թանգարանի տնօրենը:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու են բոլորին նույն օրը ավտոբուսով բանկ տարել, տնօրենը պատասխանեց, որ թանգարանի աշխատողները Երևանից են գալիս եւ ժամանակի խնդիր ունեն, այդ պատճառով խնդրել են, որ ինքը ավտոբուս տրամադրի իրենց, որպեսզի գնան եւ կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրեն:
«Եթե կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չընդունվի, մենք գումարները կվերադարձնենք մարտի 28-ից հետո, իսկ հիմա պահումներ ենք անում, որպեսզի չտուգանվենք, քանի որ ավելորդ գումարներ չունենք»,-ասաց թանգարանի տնօրենը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:




























