Իսլանդական Էյաֆյադլաոկուդլ հրաբխի ժայթքման արդյունքում Եվրոպայում ստեղծված իրավիճակի եւ ավիափոխադրումների ոլորտում հարուցված բարդությունների կապակցությամբ, «Արմավիան», ինչպես մյուս ավիափոխադրողների մեծ մասը, որոշում է կայացրել ապրիլի 16-ից չեղյալ հայտարարել իր չվերթները Երեւան-Փարիզ-Երեւան, Երեւան-Ցյուրիխ-Երեւան, Երեւան-Ամստերդամ-Երեւան ուղղություններով:

Ինչպես նշվում է «Արմավիայի» հաղորդագրության մեջ, դրա պատճառը եվրոպական օդանավակայանների մեծ մասում ստեղծված իրավիճակն է: «Արմավիա»-ն իր հաճախորդներին առաջարկում է վերաամրագրել տոմսերը, կամ տոմսերի հարկադիր վերադարձ ձեւակերպել:

Ավիաընկերությունը նշում է, որ Օդեսա քաղաքի հետ օդային հաղորդակցության վերականգումը հաշվի առնելով՝ ապրիլի 24-ից կկայանա Երեւան-Օդեսա-Երեւան չվերթը: Դեպի Խարկով եւ Կիեւ չվերթները կկայանան ըստ չվացուցակի:

«Արմավիան» նշում է նաեւ, որ տոմսերը կարելի է վերաձեւակերպել Երեւան-Հռոմ-Երեւան չվերթի վրա, քանի որ Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանը գործում է նորմալ կարգով: Ընկերության մյուս պարբերական թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով։