2014թ. սկզբից Հայաստան է ներմուծվել 1,6 միլիոն ձու: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
Նա նշել է, որ 2013թ. ներմուծվել է 17,7 միլիոն ձու: 2013թ. արտադրվել է 615,2 միլիոն ձու, որը 6,5%-ով պակաս է 2012թ. ցուցանիշից: «2012թ. Հայաստանը ձու չի ներմուծել, իսկ կրճատված արտադրությունն ինչ-որ կերպ պետք էր փոխհատուցել», - ասել է Դանիելյանը: Տարվա սկզբից ներկրումն առայժմ համեմատաբար քիչ է՝ 3%:
Ըստ նրա՝ 2014թ. մեծածավալ ներկրում չի սպասվում, քանի որ թռչնաբուծարաններն աշնանը վերականգնել են թռչունների գլխաքանակը: «Կրճատվել է նաեւ ներկրողների թիվը: Նախկինում Հայաստան ձու էին ներմուծում Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Վրաստանից եւ Բելառուսից 15 ներկրողներ: Այժմ նրանք ընդամենը երկուսն են», - նշել է Դանիելյանը:



























