Ապրիլի 15-ին Հունաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի միջեւ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-հունական համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ հայ եւ հույն ժողովուրդներին կապում է մի բազմադարյան պատմություն` սկսած հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, եւ որ երկու բարեկամ երկրներն այսօր հնարավորություն ունեն արդեն իսկ հաստատված արդյունավետ համագործակցությունը խորացնել տնտեսության, առեւտրի, մշակութային կապերի, հայ եւ հույն հասարակությունների շփումների ակտիվացման եւ այլ ոլորտներում:
Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի եւ համագործակցության ամրապնդումը, ինչի համար լավ նախադրյալներ են ստեղծվել վերջերս հունական խորհրդարանում հայ-հունական բարեկամության խմբի ստեղծմամբ: Այդ համագործակցությունը գործնական հուն տեղափոխելուն, անկասկած, կնպաստի նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի այցը Հունաստան, որը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Հայաստանի դեսպանը երախտագիտությամբ նշել է, որ Հունաստանի խորհրդարանի պատերի ներսում 14 տարի առաջ` ապրիլյան հենց այս օրերին, միաձայն ընդունվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման եւ հիշատակի օրվա սահմանման մասին բանաձեւը, եւ որ այս տարի եւս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին:




























