Բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Ես չեմ տեսել, որ բնակչության մեծամասնությունն այս օրենքին դեմ է, գոնե ասեիք մասնակիցների մեծ մասը: Բայց մի լավ բան տեղի ունեցավ. բոլոր գործատուները փորձում են բարձրացնել աշխատավարձերը կամ փոխհատուցել պարտադիր 5% վճարը»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, թե որոնք են այս օրենքի երեք առավելությունները: «Դուք կստանաք բարձր կենսաթոշակ, նշված գումարները կստեղծեն նոր աշխատատեղ, կլինեն լրացուցիչ միջոցներ տնտեսության աճի համար»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով` քաղաքացին իր գումարը կարող է վերցնել եւ օգտագործել միայն եթե իր կյանքին վտանգ է սպառնում:

Լրագրողների հարցին, թե ինչ են անելու Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշումից հետո, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Որոշման մասին կարող է ասել միայն Սահմանադրական դատարանը: Սպասենք ու տեսնենք` ինչ կորոշի դատարանը եւ նախագահը»:

Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: