Պարտադիր կուտակային համակարգի դեմ գործադուլ անող աշխատակիցներից է կախված վերջնական արդյունքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով այս օրերին բողոքի ցույցեր անցկացնող տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին:

«Լավ է, որ այդ մարդիկ պայքարում են իրենց նպատակների, իրենց խնդիրների համար: Եթե իրենք իրենց համար չպայքարեն, ե՞ս եմ գնալու պայքարեմ: Էսօր մարդը պայքարելով կհասնի 10% արդյունքի, վաղը եւս 10%, ու կգա մի օր նա կդառնա հաղթող իր պայքարում»,- ասաց պատգամավորը:

Հակոբ Հակոբյանն օրինակ բերեց Ֆրանսիան, որի ժողովուրդը 150 տարի պայքարեց մինչեւ վերջնական արդյունքի հասնելը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ՀՀԿ ներկայացուցիչն ինչպես է վերաբերվում աշխատակիցներից վրա գործադրվող ճնշումներին եւ ստիպողաբար ֆոնդ ընտրելուն, պատգամավորը պատասխանեց. «Ճնշումը երբեք չեմ ընդունել որպես քաղաքական ճանապարհ: Ցանկացած ճնշում ունի իր հակազդեցությունը եւ մի քանի տարի հետո ճնշվողը ճնշողին կճնշի: Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հասկացողությամբ»: 

Հիշեցնենք,  որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության,  Մետրոպոլիտենի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: