Կառավարության գործողությունների հանդեպ անվստահությունը կենսաթոշակային բարեփոխումը դադարեցնելու առիթ չէ: Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օր օրի ընդլայնվող բողոքի ցույցերի մասին հարցին այսկերպ է պատասխանել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝40 տարի անց կփոխվի կառավարությունը, բայց կմնա Հայաստանի Հանրապետությունը: «Բոլոր նրանց, ովքեր քննադատում են մեզ՝ չվստահելով կառավարությանը, կարող եմ ասել հետեւյալը. այդ 40 տարում կառավարությունը կփոխվի: Ոչ ոք չի պատրաստվում նման ժամկետով վարչապետ կամ նախարար մնալ: Գոնե ես չեմ պատրաստվում: Միգուցե, այսօր մեզ քննադատողները ինչ-որ ժամանակ իրենք իշխանության գան», - ասել է նախարարը:

Երկրորդ մեղադրանքը պետության նկատմամբ անվստահությունն է, որը նախարարն ավելի դաժան է համարում: «Եթե մենք չենք վստահում ՀՀ-ին, ապա ինչո՞ւ ենք ապրում այս երկրում, երեխաներին դպրոց տանում, համալսարաններ բացում, բիզնես կազմակերպում, քաղաքականությամբ զբաղվում: Եվ ինչո՞ւ դուք վստահում եք  ձեր երկրին բոլոր հարցերում եւ չեք վստահում միայն կենսաթոշակի հարցում», - ասել է Աշոտյանը՝ լռելով այն մասին, որ իշխող կոալիցիայի բազմաթիվ ներկայացուցիչներ խոստովանում են  մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներում միջոցների պահպանության 100% երաշխիքների բացակայությունը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը նախքան խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրել էր օրենքի որոշ դրույթներ: Դրանից հետո Երեւանում տեղի ունեցան մի շարք բողոքներ, քանի որ գործատուները, այնուամենայնիվ,  աշխատակիցներին ստիպում են կենսաթոշակային վճարումներ կատարել: