Իշխանությունները բացասական բոնուսներ են վաստակում` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելով, սակայն իշխանությունը գնում է դրան, որովհետեւ տարիներ հետո մարդկանց համար լավ կլինի: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Իշխանությունը գնաց այս քայլին ոչ թե իր համար, այլ որպեսզի հետագայում պետության օգնությամբ քաղաքացիները կարողանան ապահովել իրենց ապահով ծերությունը: Պետությունն ասում է` դուք գումար եք դնում, այն կրկնապատկվում է: Ոչ մի այլ տեղ այսպիսի առաջարկ չի լինի»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ օրը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասել է, որ կամ պետք է հարկերը բարձրացնեին, կամ կենսաթոշակային նոր համակարգը ներդնել, Սամվել Նիկոյանը զարմացավ. «Չգիտեմ` նման բան ասել է Հակոբ Հակոբյանը, թե ոչ, բայց կուտակային կենսաթոշակային համակարգը բացարձակ կապ չունի հարկեր հավաքելու հետ»:

Նշենք, որ կենսաթոշակային նոր համակարգը բողոքի մեծ ալիք է առաջացրել, որի մասին ՀՀԿ պատգամավորը հրաժարվեց խոսել. «Աղմուկի մասին ոչինչ չեմ ցանկանում ասել, քաղաքացիների իրավունքն է դա: Բացի դրանից յուրաքանչյուր նոր բան հասկանալու, հավատալու խնդիր կա»:

Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ  բողոքի ակցիային միացել են Երեւանի «Մետրոպոլիտենի», «Հարավկովկասյան երկաթուղիների», Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am