Ապրիլի 20-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Հայաստանի նախագահն իր ռուս գործընկերոջ հրավերով կարճաժամկետ այց է կատարել ՌԴ: Ինչպես հաղորդում է է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմի աղբյուրը, երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն «դեմառդեմ» ձեւաչափով, որի ընթացքում կքննարկեն ռուս-հայկական դաշնակցային գործընկերությունը: Աղբյուրը նշել է նաեւ, որ Ռուսաստանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հուսալով, որ կարգավորումը կնպաստի իրավիճակի առողջացմանը:

Մեդվեդեւն ու Սարգսյանն ավանդույթի համաձայն կարծարծեն նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը:

Նախագահները քննարկելու են նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությունը, որի գլխավոր հարցերից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է:

Նշենք, որ Մեդվեդեւի եւ Սարգսյանի՝ ապրիլի 20-ին կայանալիք հանդիպումը կլինի երրորդն այս տարվա ընթացքում: Անցած տարի նախագահները հանդիպել են յոթ անգամ: