Թուրքիայում չեղյալ է հայտարարվել ավիաթռիչքների արգելքը: Ինչպես հաղորդում է երկրի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, հրաբխային մոխրի ամպը, որ գոյացել էր իսլանդական Էյաֆյադլաոկուդլ հրաբխի ժայթքումից, լքել է Թուրքիայի տարածքը, ուստի արգելքը չեղյալ է հայտարարվում:
Միեւնույն ժամանակ հրաբուխը, որի ժայթքումը, ըստ նախօրեին տարածված լուրերի, գրեթե ավարտվել էր, կրկին ակտիվացել է: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն, հրաբխից Մեծ Բրիտանիայի ուղղությամբ մոխրի նոր ամպ է շարժվում: Բրիտանական օդային հաղորդակցության վերահսկողության ծառայության հաղորդմամբ, ամպը կարող է նոր խաչընդոտներ ստեղծել ավիահաղորդակցության համար, որը սկսել էր կարգավորվել:
Բրիտանական «British Airways» ընկերությունը ծրագրում էր վերսկսել թռիչքները դեպի Լոնդոն եւ Լոնդոնից արդեն ապրիլի 20-ի երեկոյան, սակայն նոր զարգացումներից հետո փոխել է ծրագիրը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռեյկյավիկից 150 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխը սկսել է ժայթքել մարտի 20-ին: Ապրիլի 14-ին կրկնակի ժայթքում է եղել: Հրաբխի ժայթքումը կաթվածահար է արել Եվրոպայի տրանսպորտային համակարգը:




























