Բիշքեկի մոտ Մայովկա գյուղում ապրիլի 19-ին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 28 մարդ: «Ինտերֆաքսի» տվյալներով, բոլոր երեք զոհվածները հրազենային վնասվածքներ են ստացել, երկուսը՝ Մայովկա գյուղի բնակիչներ են:
28 տուժածներից 9-ը հոսպիտալացվել են: Մնացածներին օգնություն է ցուցաբերվել տեղում: Իրենց հերթին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են երեք տուժած ադրբեջանցիների մասին:
Համաձայն Ղըրղզստանի ՆԳՆ-ի՝ ներկայումս աշխատանքներ են տարվում թուրք-մեսխեթցիների տների ջարդերի կազմակերպիչներին գտնելու ուղղությամբ: Շատերի տները հրդեհվել եւ թալանվել են, հանցագործները տարել են անձնական մեքենաները: Ուժայինների փոխանցմամբ, ձերբակալվել են ջարդերի 130 մասնակիցներ, հարուցվել են քր. գործեր: Վնասվածքներ են ստացել նաեւ ոստիկանության 10 աշխատակիցներ:
Միեւնույն ժամանակ Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունաբեւան հայտարարել է, թե Մայովկա գյուղում իրավիճակը վերցված է վերահսկողության տակ:




























