Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել եւ նշել, որ կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը կապ չունի «Ջանգօկ-Քիմ» ընկերության հետ, որին դատի էր տվել «Նաիրիտ» գործարանը:
"Ի գիտություն «Նաիրիտ» գործարանի «խորհրդավոր» սեփականատերերին ու տարատեսակ յակոբավետիքյանգագիկմկրտչյանֆլորաֆաունաներին, որոնք «հորթի հրճվանքով», ի լուր աշխարհի տարածեցին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հանդեպ «դատարանի կողմից հետախուզում հայտարարելու մասին» ապատեղեկատվությունը, որին կցեցին իրենց անբարո «վերլուծականները»,- նշում են ռամկավարներն ու գրում, թե հուլիսի 31-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը գրություն է ուղարկել Հարություն Առաքելյանին եւ պարզ նշել, թե նա առնչություն չունի «Ջանգօկ-Քիմ» ընկերության հետ, հետեւաբար իր անձի հանդեպ որեւէ հետախուզում չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ դատարանը հետախուզում էր հայտարարել «Ջանգօկ-Քիմ» ընկերության նկատմամբ, որը «Նաիրիտին» մոտ 6 մլն դրամ գումար էր պարտք: Դրանից հետո նշվեց, թե ընկերության սեփականատերը Հարություն Առաքելյանն է: Վերջինս մշտապես հանդես է գալիս «Նաիրիտում» կատարվող ապօրինությունների եւ դրամավատնության դեմ՝ դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին:




























