Հայաստանի փրկարարական համակարգում լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: Առաջին քայլը, սակայն, բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումն է:
Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման հարցերով միջգերատեսչական հանձնախումբը ապրիլի 20-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը նշել է, թե փրկարար ծառայության բարեփոխումները ռազմավարական նշանակություն ունեն:
«Միայն այս տարվա ընթացքում մեր երկրում տեղի է ունեցել 27 փլուզում, 400-ից ավելի հրդեհ, արդյունքում` զոհվել է 3 մարդ, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 7 մարդ, միլիոնների հասնող տնտեսական վնաս է հասցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Փրկարար ծառայությունն, իհարկե, օպերատիվ արձագանքել է, բայց մեր նպատակն է` Հայաստանում ձեւավորել քաղաքացիներին օպերատիվ աջակցություն, օժանդակություն ցուցաբերելու այնպիսի համակարգ, որը գործում է զարգացած երկրներում: Մենք մեծ բարեփոխումներ ենք նախատեսում փրկարար ծառայության համակարգում»,-ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ փրկարարական համակարգում բարեփոխումների նախաձեռնումը պայմանավորված է նաեւ մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:
Նիստում որոշվել է 3 ամսվա ընթացքում հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը:




























