Մինչեւ մարտի 10-ը հնարավոր է օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանը Հայաստանում լինի, քանի որ մինչ այդ կլրանա նրան արտահանձնելու ժամկետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:
«Այսօր արդեն 18-19-րդ օրն է, մինչեւ փետրվարի վերջ երեւի կբերեն Հայաստան, մարտի 7-10-ը լրանում է 40-օրյա ժամկետը»,-նշեց նա: Փայլակ Հայրապետյանը նշեց, որ Աշոտ Սուքիասյանին բերելուց հետո անպայման վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը պետք է հարցաքննվեն: «Չգիտեմ՝ կհարցաքննվեն, թե ոչ, բայց իրենք անպայման պիտի հարցաքննվեն, հիմա կարող է Աշոտը ասի, որ սաղ ինքն է արել, իրենք ոչ մի բանից տեղյակ չէ»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանի ընտանիքի անդամներին, ապա նրա կինը, դուստրը եւ փեսան Հայաստանում չեն, այստեղ է միայն նրա խորթ որդին: «Դրանք ընտանիքով անգլերեն էին սովորում, դասատու էին կանչում տուն, իմ մտքով չէր էլ անցնում, թե էդ տարիքի կինը ինչի պիտի անգլերեն սովորի: Պարզվեց, որ նպատակը այլ է, ընտանիքով պիտի գողանային ու թողեին գնային էս երկրից: Ինձ չի կարելի վատություն անել, ինձ վատություն անողը խիստ պատժվում է Աստծո կողմից; Էն ժամանակ պարզվեց, որ ինձ գցել է, հերը մահացավ, մերը մահացավ, ինքը փախավ, տղեն հաշմանդամ դարձավ, գցել էին երկրորդ հարկից, թե ինքն էր ընկել, չգիտեմ: Դրա համար եմ ասում՝ ինձ չի կարելի վատություն անել, որովհետեւ ես ոչ մեկին վատը չեմ կամենում, անգամ՝ դուշմանիս: Ես հազար անգամ Աշոտին ասել եմ, որ եթե դու ադամանդի ոսկու մեջ գործ ես անում, պիտի շատ մաքուր լինես, վերեւը Աստված կա, մարդ պիտի Աստծո երեսից վախենա»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Նրան հայտնաբերել են Թբիլիսիում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը:
Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:



























