2010 թ. ապրիլի 20-ից «Արմավիա» ավիաընկերությունը կվերականգնի Երեւան-Ցյուրիխ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան չվերթները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Նա հայտնել է, որ կկայանան նաեւ ապրիլի 24-ին նախանշված Երեւան-Օդեսա-Երեւան, Երեւան-Խարկով-Երեւան, ինչպես նաեւ Երեւան-Կիեւ-Երեւան չվերթները։
Նշենք, որ իսլանդական հրաբխի ժայթքման հետեւանքով ապրիլի 15-ից Եվրոպայի ավիահաղորդակցությունը խաթարվել էր։ Երեւանից եվրոպական 9 ուղղություններով թռիչքները դադարեցվել էին։ Սակայն այսօրվա տվյալներով, Հայաստանից Եվրոպա 9 ուղղություններից 8-ը բաց են. բացառություն է կազմում Երեւան-Բեռլին չվերթը։ Ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայից Հայաստան չեն կարողանում ժամանել 750, իսկ Երեւանից Եվրոպա մեկնել՝ 1140 ուղեւորներ։ Նախօրեին «Չեխական ավիաուղիների» միջոցով կատարվել է առաջին եվրոպական չվերթը։ Հայաստանից Եվրոպա մեկնող ուղեւորների 30 տոկոսը հետ է վերադարձրել տոմսերը։ Մասնագետների կանխատեսմամբ, այսօրվանից թռիչքները կվերականգնի նաեւ «Ավստրիական ավիաուղիները»։




























