Այսօր կեսօրին կրկին բազմամարդ էր նախագահական նստավայրը, բայց ընդամենը շատ կարճ ժամանակով. Մի խումբ լրագրողներ բողոքի ցույց էին անցկացնում ի պաշտպանություն ուղիղ 3 տարի բանտում գտնվող, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, բայց ոստիկանության աշխատակիցները՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, խոչընդոտեցին ցույցի անցկացումը: Ոստիկանները լրագողներին հրելով եւ քաշքշելով հեռացրին նախագահականի մոտից` ասելով, որ այդտեղ կանգնելն արգելված է, իսկ Վալերի Օսիպյանը անընդհատ ակցիայի մասնակիցներին համոզում էր, թե նրանք օրենք են խախտում, մինչդեռ ակցիայի մասնակիցների թիվը չէր անցնում հարյուրից: Ակցիայի մասնակիցներից նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պառկեց գետնին եւ հայտարարեց, թե ոչ մի տեղ չի գնում ու վեր կկենա այն ժամանակ, երբ ցանկանա, քանի որ սա իր հայրենիքն է:
«Ժամանակ» օրաթերթի համակարգող Էմմա Գաբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ես արձանագրում եմ, որ այսօր ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, մեր ակցիա անելու սահմանադրական իրավունքը խախտում է։ Այսօր հավաքվել ենք մեր խմբագրի ազատ արձակման վերաբերյալ եւ արձանագրում ենք, որ ինքը քաղբանտարկյալ է, ու իր վաղաժամկետ պայմանական ազատման բոլոր փորձերը ապարդյուն անցան թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանավարման օրերին, թեեւ նա սեպտեմբերին ազատվելու է»։
Հիշեցնենք,ո ր Արման Բաբջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:



























