Այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ դասական մատենագրության թվանշային գրադարան»-ում պատրաստվում են հայագիտական եւ հայրենագիտական գիտելիքի նոր տիպի շտեմարաններ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայ մատենագրության թվային գրադարանի գիտական տնօրեն Մերուժան Կարապետյանը՝ ավելացնելով, որ նոր տիպի շտեմարաններում տեղեկատվությունը դասակարգված է լինելու։

«Այժմ հայերեն թվանշային տեղեկատվությունը դասակարգված չէ, իսկ նոր շտեմարաններում պետք է ոչ միայն դասակարգվի արդեն գոյություն ունեցող ահռելի տեղեկատվությունը, այլեւ օրեցօր համալրվի»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ նոր տիպի շտեմարանները կունենան նաեւ տեխնիկական նոր հնարավորություններ։

«Այժմ թվային գրադարանում հնարավոր է բառ կամ արտահայտություն որոնել, իսկ նոր տիպի շտեմարանների պարագայում հնարավոր կլինի իրականացնել ընդլայված՝ խորքային որոնում»,- ասաց թվային գրադարանի տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը՝ ավելացնելով, որ այդպիսի որոնման արդյունքում մի քանի անգամ կկրճատվի անհրաժեշտ տեղեկատվության որոնման վրա ծախսվող ժամանակը։

Նշենք, որ նոր տիպի շտեմարանների պատրաստումը հնարավոր է ավարտվի առաջիկա մեկուկես տարում։

Տեղեկացնենք, որ ՀԱՀ «Հայ դասական մատենագրության թվանշային գրադարան»-ը ստեղծվել է 1999թ.-ին։ Այժմ թվանշային գրադարանը օրական 1500-2000 այցելու ունի։