Այսօր՝ ապրիլի 21-ին կայացել է Երեւանի նոր ՋԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանն ու կառավարության անդամները: Կայանի ամենաառաջավոր տեխնոլոգիաները, տեղադրված 271 Մվտ հզորությամբ շոգետուրբինը, զգալի կկրճատեն բնական գազի սպառումը:

Կայանի շինարարությունը ավարտվել է ռեկորդային ժամկետներում, ինչպես նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, 20 ամիս եւ 20 օրում: Կայանի շինարարության ֆինանսավորումը 284 միլիոն դոլար արժեքով՝ իրականացվել է Ճապոնիայի կառավարության կողմից, Միջազգային համագործակցության գործակալության միջոցով: Կապալառուները ճապոնական «Mitsui»-ն եւ հարավկորեական GS Engineering&Construction-ն են:

Նախարարն իր խոսքում նշել է, որ նոր կայանը, հնի համեմատ, վառելիքը կտնտեսի 2-2,5 անգամ: Դա կառավարությանը թույլ կտա բնական գազի գնի աճի պայմաններում պահպանել էլեկտրաէներգիայի սակագները: «Նախագահի հանձնարարականով, նախարարությունը փորձում է գտնել բոլոր հնարավորությունները, քննարկում է հայրենական պաշարների պոտենցիալը՝ դրանց առավելագույն օգտագործման համար՝ էլեկտրաէներգիայի գնի աճ թույլ չտալու նպատակով»,- նշել է Մովսիսյանը: Բացի այդ, նոր կայանը բնապահպանական տեսանկյունից ավելի մաքուր կլինի: Նախարարը նշել է նաեւ, որ ներկայումս քննարկում են Երեւանի հին ՋԷԿ-ի հիման վրա կայանի նոր բլոկի շինարարության հնարավորությունը: Կայանն արդեն միացվել է երկրի էներգահամակարգին եւ սպառողներին էլեկտրաէներգիա է մատակարարում: Շոգու մի մասը առաքվում է հարեւանությամբ գտնվող սինթետիկ կաուչուկի գործարան, իսկ մի մասը ծրագրվում է առաքել բնակչությանը: Էլեկտրաէներգիայի ավելցուկը մատակարարվելու է Իրան:

Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությունը 2005թ. շինարարության համար մոտ 150 մլն դոլար է հատկացրել: Սակայն 2003-ի գներով հաշվարկված ծրագիրը հարկադրված էին վերանայել ու եւս 100 մլն դոլար հատկացնել: