«Ապրիլի 24-ը այն օրն է, երբ ամբողջ աշխարհի հայերը ասում են նույն բանը եւ մտածում նույն բանի մասին: Այդ օրը միավորում է բոլոր հայերին, բայց դա լինում է 1 օր եւ դա լավ չէ»,- այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Իսկ որտե՞ղ էին աշխարհի հայերը մարտի 1-ին, ինչո՞ւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին վերաբերող հարցերը չեն միավորում հայերին: Ինչո՞ւ այդ գաղափարների շուրջ հայերը չեն միավորվում եւ չեն փորձում Հայաստանում կերտել ժողովրդավարական պետություն»,- հռետորական հարց ուղղեց քաղաքագետը՝ հավելելով, որ Սփյուռքը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել եւ փոխվել, ինչը պահանջում է Սփյուռքի փոփոխություն ինքնության հարցերում: «Սփյուռքը պետք է վերադառնա Հայաստան եւ միասնական ջանքերով ժողովրդավարական երկիր կառուցենք Հայաստանում»,- ընդգծեց նա:




























