Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի՝ Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը: Համերգի կազմակերպիչն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, իսկ տեղեկատվական գործընկերը՝ «Մեդիամաքս»-ը:
Ի դեպ, այս համերգին մասնակցելու է նաեւ Armenian navy band խմբի մենակատար Արտո Թունջբոյաջյանը: Նրա մասին Ջոն ՄքԼաֆլինն ասել է. «Նրան ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է»:
Իսկ Արտո Թունջբոյաջյանն իր հերթին, Ջոն ՄքԼաֆլինի մասին Bravo.am-ին ասել է. «Ջոն ՄքԼաֆլինը գալիս է, շատ կարեւոր է: Սիրես-չսիրես, կապ չունի: Որակով է… Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով' մեզ է ներկայանալու: Լինում է՝ այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել»:
Նշենք միայն, որ այս համերգի տոմսերը վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:



























