«Օտարալեզու դպրոցները չեն կարող արմատախիլ անել մեր ազգային դպրոցը, ավելին, շատ բան կավելացնեն մեր ունեցածին»,- ապրիլի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ խոսելով ԿԳՆ կողմից կառավարությանը ներկայացված այն օրինագծի մասին, որի համաձայն՝ առաջարկ է արվում հանել օտարալեզու դպրոցներ հիմնելու՝ 1993 թ. դրված արգելքը։
Նշելով, որ ինքը հանդես է գալիս ազգային դպրոցների հզորության եւ ամրության դիրքերից, նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ օտարալեզու դպրոցների առկայությունը չի կարող խանգարել ազգային դպրոցների գոյությանը. «Չեմ կարծում, որ բոլոր ծնողներն իրենց երեխաներին կտանեն ռուսական կամ անգլիական դպրոցներ։ Բայց նման դպրոցներ հիմնելով՝ մենք հնարավորություն կունենանք այլ մշակույթների տարրեր ներգրավել ազգային կրթության մեջ։ Պետք չէ կարծել, որ եթե փակվենք աշխարհի առաջ, ամեն ինչ լավ կլինի. Ես միշտ դեմ եմ եղել „Մենք ենք, մեր սարերը“ կարգախոսին»,- նշեց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ եթե օտարալեզու դպրոցներում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության եւ կրոնի պատմության դասաժամերն անցկացվեն հայերենով, ապա դրանից մեր լեզուն չի տուժի։
ՄԻՊ-ի խոսքով, անհրաժեշտ է «մերը պահելով՝ ընդունակ լինել ընդօրինակել եւ վերցնել ուրիշներինը»։ «Այս կրթական համակարգը մեզ թույլ կտա դուրս գալ գավառամտությունից։ Այն թույլ կտա մեզ գիտակցել, որ ինչ-որ նոր բան վերցնելով՝ կարող ենք ուժեղացնել մեր դպրոցը»,- համոզմունք հայտնեց Ա. Հարությունյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն Ռուբեն Բաբայանն իր հերթին ավելացրեց, որ ոչինչ, քան ազգային դպրոցը, չի կարող ձեւավորել ազգը. «Մենք ապրում ենք Հայաստանում եւ կոչվում ենք հայ։ Հետեւաբար մեր երեխաները պետք է սովորեն հայկական դպրոցներում, ուր հայկական այբուբեն է ուսուցանվում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինքը ափսոսում է իր՝ ռուսական կրթություն ունենալու պատճառով հայոց պատմություն լավ չիմանալու համար. «Ո՞ւմ համար են բացվում օտարալեզու դպրոցները։ Տրամաբանական չէ, որ առանց համապատասխան համայնքի առկայության՝ այս կամ այն օտար լեզվով դպրոցներ բացվեն։ Դա պարզապես մաքուր խորհրդային միտում է»,- նկատեց արվեստագետը՝ ավելացնելով, որ ավելի ճիշտ կլիներ կատարելագործել հայկական դպրոցների ուսումնական պլաններն ու բարելավել դասագրքերի վիճակը, քան ընկնել քաղքենիության հետեւից եւ գերադասել երեխաներին տանել օտարալեզու դպրոցներ։
Ամփոփելով՝ Ռ. Բաբայանը նկատեց, որ ռուսական կամ անգլիական թեքումով դպրոցներ բացելը ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ չէ։ «Սա դեղամիջոց չէ»,- համոզմունք հայտնեց նա։



























