Թուրքական «Aksam» թերթը անդրադարձել է Թուրքիայում 3 տարի առաջ միանձնուհի դարձած քույր Գայանեին։ Ստորեւ ներկայացնում ենք «Aksam»-ի հարցազրույցը քույր Գայանեի հետ։

Ստամբուլի Յեդիքուլե թաղամասի «Սուրբ փրկիչ» հիվանդանոցի բակում գտնվող նույնանուն եկեղեցում աշխատող քույր Գայանեն, ով օգնում է տարեցներին, Ստամբուլի հայ համայնքի վերջին միանձնուհին է։ Նա ապրում է ոչ թե որեւէ վանքում կամ կրթական հաստատությունում այլ իր ընտանիքի հետ՝ Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում։

Ստամբուլի հայ համայնքի այն ժամանակվա միանձնուհի Հռիփսիմե Սասունյանի մահից հետո, Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006 թվականին հատուկ կարգավիճակով միանձնուհի դարձավ քույր Գայանեն։

Ինչու՞ ցանկացաք դառնալ միանձնուհի։

Մանկությունից աղոթում եմ։ Ամեն անգամ աղքատ մեկին տեսնելիս ասում եմ "Տեր Աստված, նրա չքավորությունը դու նույնպես տեսնում ես չէ՞։ Միշտ ցանկացել եմ լինել միանձնուհի։ 2006-ին դարձա միանձնուհի։ Սակայն մինչ այդ էլ ապրել եմ միանձնուհու նման։

Ձեր ընտանիքում հոգեւորը գերակշռու՞մ է։ Ինչպե՞ս ընդունվեց ձեր որոշումը։

Հավատացյալ ընտանիքում եմ մեծացել։ Հինգ երեխա ենք եղել, եւ ամենափոքրը ես եմ։ Իմ միանձնուհի դառնալը նորմալ են ընդունել։

Ոգեւորվա՞ծ էիք, երբ դարձաք միանձնուհի։

Միանձնուհի դառնալը եկեղեցական արարողությամբ է տեղի ունենում, վկաների մասնակցությամբ։ Պահանջվում է, որ լինես կուսակրոն, աչք չդնես նյութական արժեքներին։ Որի համար երդվում ես։

Ձեր եղբայրներին չե՞ք ուզեցել նմանվել։ Օրինակ, ամուսնանալ, երեխա ունենալ…

Ոչ, ես համարում եմ, որ նրանց երեխաները եւ այստեղ եկող մյուս երեխաները իմն են։

Հայ համայնքում ինչու՞ այլ միանձնուհի չկա։ Օրինակ, ձեզնից առաջ միանձնուհու ընտանիքը նրան թույլ չէր տվել շարունակել իր գործը։ Ընտանիքները այդքան սառն են նայում այս գործին։

Ինչպես շատ թեմաներում, այստեղ նույնպես երիտասարդների գլուխը խառն է: Շատեը ցանկանում են մայր լինել, իսկ այսպիսի որոշում ընդունելը հեշտ չէ։ Սակայն միանձնուհի դառնալու խոչընդոտը ոչ թե ամուսնանալ-չամուսնանալու երկընտրանքն է, այլ միանձնության համար նախատեսված վանքերի բացակայությունը։ Մեր հոգեւոր ղեկավարությունը այս խնդրում կառավարության հետ բանակցությունները շարունակում է։ Մենք էլ հույսով սպասում ենք։

Ի՞նչ կրթություն եք ստացել։

Չեմբերլիթաշի աղջիկների վարժարանն եմ սովորել։ Սպասում եմ համալսարաններում Հայագիտության բաժին բացվի, որտեղ անպայման կսովորեմ, սակայն դեռ հայտնի չե, թե երբ կբացվի։ Ֆրանսերեն եմ սովորել՝ համալսարան ընդունվելու համար։ Իմ հույսը դեռ չեմ կորցրել։

Ձեր օրը այստեղ (եկեղեցում) ինչպե՞ս է անցնում, ի՞նչ գործ եք անում։

Առավոտ 9:30-ից մինչեւ 14:30 աշխատում եմ։ Օգնում եմ այստեղ եկող ծերերին՝ կատարել իրենց հոգեւոր պարտքը։ Կեսօրից հետո էլ այցելում եմ չքավորների, ծերերի տները՝ նրանց օգնելու համար։

Ժամանակ անցկացնելու համար ինչո՞վ էք զբաղվում։ Հեռուստացույցով ի՞նչ եք դիտում։

Միանձնությունը դա մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է։ Հեռուստատեսությամբ ոչ մի սերիալ չեմ դիտում, որովհետեւ ժամանակ չեմ ունենում։ Բացի այդ սերիալներում կուսակրոնությանը ոչ հարիր տեսարաններ կան։ Միայն վավերագրական ֆիլմեր եւ լուրեր եմ դիտում։ Իսկ լուրերը աղոթելու աղբյուր են դառնում։

Ձեր աղոթքները լուրերի՞ց եք ընտրում։

Օրինակ, լուրերով տեղեկացնում են, որ օվկիանոսում մի ինքնաթիռ է ընկել եւ այդ երեկո ես աղոթում եմ այդ ինքնաթիռի ուղեւորների համար։