Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում բարելավման քայլերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անդերս Գորլը:
«ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը միտված ջանքերը»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը՝ գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով եվրոպական տեսակետը:
Բացի այդ, Անդերս Գորլի խոսքերով, Բրյուսելը ողջունում է Հարավային Կովկասում կայունություն հաստատելուն, սահմանների բացմանը, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների հետագա բարգավաճմանն ուղղված բոլոր քայլերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրերս վերահաստատեց պատասխան այցով Թուրքիա մեկնելու իր պատրաստակամությունը, բայց միայն այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանն արդեն բացված կլինի, կամ Հայաստանը կգտնվի սահմանների բացման նախաշեմին: Մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղին շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, թե, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առկա իրողությունները, թուրքական իշխանությունները համապատասխան պայմանների ստեղծման կառուցողական քայլեր կձեռնարկեն, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետության նախագահին մեկնել ֆուտբոլային հանդիպմանը:
Հարկ է նշել, որ հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման անհրաժեշտոթյան մասին նշված է նաեւ «ճանապարհային քարտեզում», որը, Շվեյցարիայի հովանավորությամբ, հաստատել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները՝ այս տարվա ապրիլին:




























