Կրթության եւ գիտության, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարները ցեղասպանության թեմայով այսօր՝ ապրիլի 21-ին բաց դաս են անցկացրել Նոր Նորքի թիվ 62 դպրոցում:
«Այսօր մենք ձեզ հետ ենք, որպեսզի միասին խոսենք Ցեղասպանության ու հետեւանքների մասին: Խոսենք, թե ինչ հույսեր ենք կապում ձեր սերնդի մեր անցած պետականության եւ ժողովրդի ապագայի հետ»,- ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին: «Հայ թուրքական հարաբերությունները թեւակոխում են մի նոր փուլ, որտեղ մենք փորձում ենք միասին գտնել ճանապարհ, այդ ճանապարհը անցյալը ուրանալու մոռանալու հաշվին չէ, ապագայի ճանապարհը անցնում է մեր հարեւան ժողովրդի սրտով, հոգով, գլխուղեղով»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշել է նաեւ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ է ցանկություն հայտնել դաս անցկացնելու, բայց, ցավոք պետական այլ աշխատանքները թույլ չեն տվել դպրոց գալ:
Դասարան մտնելուց առաջ նախ աշակերտների հետ միասին դիտել են 1917 թվականին ԱՄՆ-ում նկարահանված ցեղասպանության մասին առաջին «Հոգիների աճուրդ» ֆիլմը:
Ներկաներն այնպես էին հուզվել ֆիլմի դիտումից, կարծես առաջին անգամ էին տեսնում Օսմանյան կայսրության գազանությունների կադրերը:



























