Կուրմանբեկ Բակիեւը չի ճանաչել իր հրաժարականը Ղըրղզստանի նախագահի պաշտոնից:
«Չկա որեւէ ուժ, որն ինձ կստիպի հրաժարվել նախագահությունից»,- հայտարարել է Բակիեւը, որը զանգվածային անկարգությունների ժամանակ մեկնել էր Ղազախստան, իսկ այժմ գտնվում է Մինսկում: Բակիեւը նաեւ գերտերություններին կոչ է արել՝ չճանաչել Ղըրղզստանի կառավարությանը Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Ղազախստանից ֆաքսով ուղարկել է իր հրաժարականի որոշումը: Մինչ այդ նա ժամանակավոր կառավարությանը բազմիցս առաջարկել էր, որ հրաժարական կտա՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Որոշման իսկությունը կասկածի տակ էր դրել նրա եղբայր Ահմադ Բակիեւը՝ նշելով, որ ֆաքսով ստացված փաստաթուղթը կեղծ է:
Բակիեւը նաեւ պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն կրել Բիշքեկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար, որոնց ընթացքում զոհվել էր 80 մարդ:
Ղըրղզստանում Բակիեւն ու նրա մտերիմները մեղադրվում են տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի մեջ:




























