Ապրիլի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վանաձորի Անդրանիկի փողոցում գտնվող խորտկարանի մատուցողուհին խորտկարանի սենյակները տրամադրել է երիտասարդ կանանց, այնտեղ պոռնկությամբ զբաղվելու համար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից, 32-ամյա Գրետա Մ.-ն 2008 թ. հոկտեմբերից աշխատելով Անդրանիկի փողոցում գործող «Շահեն Մադարյան» արտադրական ձեռնարկությանը պատկանող խորտկարանում որպես մատուցողուհի, նույն խորտկարանի առանձնասենյակներին կից ննջասենյակները սեռական հարաբերություն ունենալու համար 5.000 դրամով տրամադրել է 32-ամյա Մարինե Կ.-ին, 32-ամյա Վիոլետա Գ.-ին, 28-ամյա Քրիստինե Ա.-ին և մարմնավաճառ այլ կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: