Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի սկիզբը կարելի է համարել 2008-ի գարունը: Երբ, 2008-ի գարնանը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին: Հիշենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւս Հայաստանը հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու առաջարկությամբ:

Ընտրվելու կապակցությամբ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանին առաջին շնորհավորողներից էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, որը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իրապես սկիզբը խոստումնալից էր, չհաշված դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հույս ներշնչող զարգացումները: Հարավային Կովկասում ռուս-վրացական հակամարտությունը Թուրքիային ստիպեց ակտիվանալ եւ նա հանդես եկավ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2008-ի սեպտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը այցելեց Երեւան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը, որից հետո ավելի ակտիվացան լավատեսական խոսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապված: Խոսակցություններ կային, որ մինչ ֆուտբոլային խաղը կարող էր բացվել հայ-թուրքական սահմանը: Դրան նպաստեց նաեւ այն լուրը, որ Գյումրիից դեպի Կարս գնացող երկաթգծի հայկական կողմում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ ենթադրությունները չիրականացան։ Ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանեցին 2009 թվականի սկզբի մի քանի ամիսներին հիմնականում թուրքական մամուլում հայտնված հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին տեղեկությունները։ 2009 թվականի սկզբի ամիսներին թուրքական եւ արտասահմանյան մի շարք թերթերում նույնիսկ հրապարակվեց հայ-թուրքական սահմանի բացման ամսաթիվը: Այս համատեքստում հատուկ ուշադրության էր արժանի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական առաջին այցը Թուրքիա։ Ենթադրվում էր, որ Օբաման Թուրքիա իր առաջին այցելությունով կփորձի բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում։

2009-ի ապրիլի երկրորդ կեսին, արդեն թուրքական մամուլում բացակայում էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապված ենթադրությունները։ Անգամ Սեւծովյան երկրների համագործակցության շրջանակներում Երեւանում կազմակերպված խորհրդաժողովին Ալի Բաբաջանի այցի հետ հույսեր չէին կապում։ Եւ ահա Հայոց մեծ Եղեռնի նախօրյակին` ապրիլի 22-ի գիշերը Շվեցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, Շվեցարիայի միջնորդությամբ, ընդունում են համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված, եւ սահմանում են ճանապարհային քարտեզ:

Գյուլ -Էրդողան ներկայացումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացը աչքի է ընկնում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի միջեւ թվացյալ հակասությամբ:

• Այսպես, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար, Աբդուլահ Գյուլի Հայաստան կատարելիք այցին դեմ հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

• Թուրքիայում մի խումբ մտավորականների կողմից իրականացված «Ներեցեք հայեր» ակցիան Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նորմալ համարեց, ասելով, որ Թուրքիայում մարդը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը, իսկ վարչապետ Էրդողանը քննադատեց այդ ակցիայի կազմակերպիչներին եւ ասաց, թե թուրքերը մեղք չեն գործել, որ ներողություն խնդրեն:

• Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները իրենց հանդիպումներում բանակցում են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, առանց նախապայմանների, այդ թվում, որ Ղարաբաղի հարցը նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը միեւնույն ժամանակ տարբեր առիթներով հայտարարեց, որ առանց Ղարաբաղի հարցը լուծելու հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, եւ չի բացվի Հայաստանի հետ սահմանը:

Այս ամենը առիթ հանդիսացավ ենթադրությունների, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի միջեւ Հայաստանի-Թուրքիա հարաբերությունների հետ կապված կա լուրջ տարաձայնություն: Դա առաջին հայացքից այդպես է թվում, բայց՝ միայն առաջին հայացքից:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը երկար տարիների կուսակցական ընկերներ են: 2002 թվականին, Էրդողանի առաջնորդությամբ, նորաստեղծ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում գրավեց առաջին տեղը եւ վարչապետ պետք է դառնար Էրդողանը, սակայն քանի որ նա ուներ դատվածություն եւ չէր կարող այդ պաշտոնը զբաղեցնել, ժամանակավոր վարչապետ է դարձավ Աբդուլահ Գյուլը: Համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո վարչապետի աթոռին նստեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը: Էրդողանը 2007 թվականին Աբդուլահ Գյուլին Թուրքիայի նախագահ դարձնելու համար մեծ ջանքեր գործադրեց: Բացի այդ, Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում եթե Գյուլը եւ Էրդողանը ռեալ հակասություն ունենային, դա Գյուլի համար երեւի շատ լուրջ խնդիրներ կստեղծեր, քանի, որ թուրքական ընդիմությունը եւս ոգեւորված չէր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում կառավարման լծակները հիմնականում վարչապետի ձեռքին են, իսկ ներկայիս վարչապետ Էրդողանը նաեւ իշխող կուսակցության առաջնորդն է, այսինքն, եթե Գյուլի տեսակետները այսպիսի լուրջ հարցերում չհամընկնեն Էրդողանի տեսակետների հետ, դրա արձաքանքը այլ կերպ կլինի: Իսկ ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կագավորման համատեքստում Գյուլ-Էրդողան թվացյալ հակասությունը կարելի է ընդունել, որպես նախապես մշակված ներկայացում` արտաքին եւ ներքին «սպառման» համար: Նախագահ Գյուլը աշխարհին ցույց է տալիս, որ Թուրքիան խաղաղասիրական, հարեւան երկրների հետ բարեկամական հարաբերություններ ստեղծող երկիր է եւ Հայաստանի հետ փորձում է առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը միեւնույն ժամանակ Թուրքիայում եւ Ադրբեջանում հավաստիացրեց, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինի:

Արտաքին քաղաքականության սցենարիստը

Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, 2002 թվականին իշխանության գալով, արտաքին քաղաքականության մեջ առաջնային խնդիր ընդունեց Եվրամիությանն անդամակցելը: Հատուկ կարեւորություն տրվեց հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, որոնց հետ Թուրքիան ունի տարբեր խնդիրներ: Արտաքին հարաբերություններում Թուրքիան փորձեց օգտագործել «Զրո պրոբլեմ հարեւանների հետ» ձեւաչափը: Ամեն ինչ կարծես այդպես էլ ստացվում էր, բացառությամբ Հայաստանի:

Հայաստանի հետ հարաբերություններում աշխատանքներ իրականացրած Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանը 2009-ի ապրիլի 22-ի գիշերը հանդես գալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հայտարարությամբ, ու այնուհետեւ իր առաքելությունը ավարտելով՝ մայիսին տեղափոխվեց այլ աշխատանքի:

Թուրքիայում հասկացան, որ եկել է ժամանակը, որպեսզի ստվերից դուրս գա Թուրքիայի արտաքին քաղաքականության սցենարիստը եւ անձամբ ղեկավարի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական, պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն էր: Հայտնի է, որ հենց նա է ուղղորդել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը: 2009 թ-ի մայիսին պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար: Ահմեդ Դավութօղլուն ծնվել է 1959 թ. Թուրքիայի Կոնիա քաղաքում: 1983-1984 թվականներին ավարտել է Բողազիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Տարբեր կրթական հաստատություններում զբաղվել է դասախոսությամբ: Արտաքին քաղաքականության թեմայով ունի բազմաթիվ հրապարակումներ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Դավութօղլուն արտգործանախարար դառնալուց հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարել: Նա աչքի է ընկնում հայտարարություններով, որտեղ ամեն անգամ կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսում տարածաշրջանում անհրաժեշտ կայունության եւ Թուրքիայի հարեւանների հետ «Զրո պրոբլեմ» քաղաքականության մասին: Իսկ վերջին մի քանի հայտարարություններում արդեն Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անմիջականորեն կապեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը

Ֆուտբոլային դիվանագիտության առաջին խաղակեսի ավարտը կարելի է համարել 2009 թվականի ապրիլի 22-ը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ նման հայտարարությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ավելի արագանար, բայց ընդհակառակը՝ դանդաղեց կանգ առնելու չափ: Արդյոք ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը ավարտվում է դեռ այն չսկսած: Իսկ ո՞ւր կորավ մինչ ապրիլյան բանակցային աշխուժությունը: Մի՞ թե Թուրքիայի համար այս ամենի նպատակը այն էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտասանի ցեղասպանություն բառը: Թե պատճառները այլ են, ասենք՝ Թուրքիան իրոք մտահոգվեց այն հիստերիայով, որ դրսեւորեց Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը վիժեցնելու համար օգտագործեց Ռուսաստանին: Այսինքն Ռուսաստանի հետ մերձենալու իմիտացիա ստեղծեց, ինչի պատճառով էլ, հավանական է, որ Թուրքիան սկսեց սառեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիան Ադրբեջանին իր ազդեցության ոլորտից չցանկացավ դուրս թողնել։ Նախ, որ այն ազգակից կրտսեր-եղբայր պետություն է, որի հաշվով Թուրքիայի մտքի խորքերում կա հեռուն գնացող նպատակներ: Բացի այդ, Ադրբեջանը հանդիսանում է էներգետիկ պաշարներով երկիր, որից անմիջականորեն օգտվում է Թուրքիան: Էներգետիկ գործող նախագծերն են. Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը: Չհաշված Թուրքիայի համար շատ ցանկալի «Nabucco»-ն, որի առանցքային դերակատարներից է համարվում Ադրբեջանը: «Nabucco»-ի շինարարության համար Թուրքիայում դրսից կներդրվի մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ դրա գործարկումից հետո Թուրքիան գազի տարանցման համար տարեկան կստանա կես միլիարդ դոլար: Թվում է այսքանը բավարար է, որ Թուրքիան հաշվի նստի իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ:

Իսկ միգուցե թուրքական հասարակության ներսում դեռ պատրաստ չե՞ն հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Կամ թուրք ազգայնականների հակազդեցությունը սպասվածից ավելի ուժեղ էր Էրդողանի վարչակարգի համար, մանավանդ եթե հաշվի առնենք Թուրքիայում «Էրգենեկոնի» գործով ընթացող դատավարությունները: Հենց այդ նույն «Էրգենեկոնի» գործով ձերբակալվածների մեջ կան խիստ հակահայ գործիչներ: Այսինքն, կանգնեցնելով հարաբերությունների կարգավորման գործընթացը, թուրքական իշխանությունները իրենց ապահովագրում են ազգայնականների կողմից եկող հնարավոր վտանգներից:

Վերջին շրջանում Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, որ նա ցանկանում է տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը: Սկսած Էներգետիկ միջնորդությունից, մինչեւ հակամարտող երկրների կամ իրար հետ խնդիրներ ունեցող երկրների միջեւ հաշտարարի դեր ստանձնելը: Կա պարզ մի ճշմարտություն,որ եթե ցանկանում ես, որեւէ երկրի վրա տարածես քո ազդեցությունը պետք է նախ եւ առաջ այդ երկրի հետ հարաբերություններ ունենաս: Այսպիով կարելի է ենթադրել, որ Թուրքիան ի վերջո, Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի, եթե իհարկե այդ ընթացքում չլինեն լուրջ ֆորսմաժորային իրադարձություններ: Թե երբ իրական գործընթացի մեջ կմտնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, դժվար է կանխագուշակել: Մանավանդ՝ միջազգային մի քանի կառույցներ եւ պաշտոնյաներ հայտարարեցին, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը համարյա կանգնել է: Այդ թվում Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կլինի վերականգնել երկու երեք տարվա ընթացքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նույնպես հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանգործընթացը դանդաղել է:

Տնտեսական գործոնը

Քննությանը չդիմացավ որոշ մասնագետների կողմից առաջ քաշած այն միտքը, որ Թուրքիան, ելնելով տնտեսական շահից, հնարավոր է բացի սահմանը, քանի որ նրա արեւելյան հատվածի (Արեւմտյան Հայաստան) բնակչության կենսամակարդակը տարբերվում է Թուրքիայի կենտրոնական եւ արեւմտյան հատվածի կենսամակարդակից: Նույնիսկ համաշխարհային ճգնաժամը չկարողացավ ստիպել, որ Թուրքիան տնտեսական շահից ելնելով բացի սահմանը: Բացի այդ 70 միլիոնանոց երկրի համար 3 միլիոնանոց Հայասատանի շուկան շոշափելի արդյունք չէր տա, եւ հետո Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումները Վրաստանի միջով գործում են: Այսինքն ամեն դեպքում թուրքական ապրանքը հասնում է հայ սպառողին: Բնական է, որ Հայաստանի հետ սահմանի բացման կողմնակիցները հիմնականում Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի մի քանի նահանգներն են: Առաջին հերթին հենց սահմանակից նահանգները սահմանի բացման դեպքում տնտեսապես կբարելավվեին: Դրանց թվում առանձնահատուկ տեղ է գրավում Կարսի մարզը: Կարսի նախկին քաղաքապետը հավաքել էր 50 հազար ստորագրություն՝ Հայաստանի հետ սահմանը բացելու համար, ինչպես նաեւ սահմանի բացման հետ կապված մի քանի անգամ դիմել էր Անկարային: Կարելի է նշել, որ Կարսում բնակչության մոտ 90 տոկոսը կողմ է սահմանի բացմանը: Իսկ Իգդիրում, որտեղ ավանդաբար քաղաքապետեր են եղել ազերիները, հիմա քուրդ քաղաքապետ ունենալու հանգամանքով՝ դրությունը այլ է: Իգդիրի բնակչության կեսից ավելին նույնպես կողմ է սահմանի բացմանը:

Վերջաբանի փոխարեն կամ մարդուն այդքան անհրաժեշտ հումորը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գրեթե սառած գործընթացում փորձեց աշխուժություն մտցնել Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, որը այցելելով Վանի Աղթամար կղզի եւ Սուրբ խաչ եկեղեցի, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես նա առաջարկեց մինչ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու, Աղթամարի եկեղեցու վրա խաչ տեղադրել եւ այն վերաբացել կրոնական արարողությունների համար: Այսինքն սրանով թուրքական կողմը փորձեց հետին պլան մղել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ապրիլին 22-ին ստանձնած պարտավորությունների կատարարումը եւ շարժառիթ ստեղծել Հայաստանի նախագահի հնարավոր այցը Թուրքիա ապահովելու համար: Իհարկե լավ է, որ վերջապես թուրքական իշխանությունները ընդունեցին, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին պետք է խաչ ունենա եւ գործի որպես եկեղեցի եւ ոչ թե թանգարան:Սակայն հայկական կողմը Թուրքիայից սպասում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ կոնկրետ քայլերի: Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, հայկական կողմը հասկացավ այս հայտարարության իմաստը եւ պատասխանը չուշացավ: Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սերբիայի նախագահի հետ միասին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ Թուրքիա կմեկնի բաց սահմանների դեպքում կամ ապաշրջափակման նախաշեմին: Հայաստանի նախագահը ավելի վաղ եւս նման հայտարարություն էր արել, որին սակայն թուրքական կողմը չանդրադարձավ: Այս անգամ այլ կերպ ստացվեց: Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձան Հայաստանի նախագահի ելույթին, անվանելով այն կոշտ հայտարարություն: Իսկ մեկնաբանությունները պարզապես զավեշտի հասնող էին: Ըստ թուրքական մամուլում առկա տեսակետների, Հայաստանի նախագահը Թուրքիա այցելելու համար նախապայմաններ է առաջադրում այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայաստան մեկնեց առանց նախապայմաններ դնելու: Այսինքն, երբ Հայաստանը Թուրքիայից պահանջում է կատարել նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը, դա Թուրքիայի կողմից ընկալվում է որպես նախապայման: Պարզապես «ցնցող» մեկնաբանություն թուրքերի կողմից: Այո, նման դեպքերում է, որ մարդուն ուղղակի անհրաժեշտ է հումորի զգացումը:

Անդրանիկ Իսպիրյան