Հայ-թուրքական արձանագրությունների հարցի քննարկումը Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգից հանելու կոալիցիայի նախաձեռնությունը խելամիտ քայլ է, սակայն ուշացած եւ կիսատ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է ընդհանրապես հետ կանչի ստորագրությունը արձանագրություններից: «Եթե արդյունքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսվի, այն պետք է ընդգրկի միայն դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանների բացման հարցը, իսկ մնացած հարցերը պետք է քննարկվեն միայն նշված երկուսի իրականացումից հետո: Մինչդեռ հայ-թուրքական արձանագրությունները ամենաքիչը երկու նախապայման են ներառում` Թուրքիայի ներկայիս տարածքի Հայաստանի ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականից գիտական հարթություն տեղափոխելը: Անկարան այստեղ չի կարողացել ներառել միայն երրորդ նախապայմանը` Լեռնային Ղարաբաղի հարցը»,- նշեց Մարտիրոսյանը` կրկին ընդգծելով ստորագրության հետ կանչման անհրաժեշտությունը:

Ըստ Մարտիրոսյանի` քիչ հավանական է, որ միջազգային հանրությունը ստորագրության հետ կանչման հայտարարությունից հետո ապակառուցողականության համար կմեղադրի Հայաստանին: «Միջազգային հանրությունը գիտակցում է, որ Հայաստանը արդեն մեծ հանդուրժողականություն է դրսեւորել հայ-թուրքական գործընթացում»,- նկատեց պատգամավորը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է առաջին հերթին սեփական շահերով առաջնորդվի, եւ, ապա նոր մտածի միջազգային հանրության կարծիքի մասին:

Նա նաեւ նշեց, որ Թուրքիան դժվար թե հաջողի հայ-թուրքական արձանագրությունների օրակարգից դուրս բերելու հայտարարությամբ մանիպուլյացիա կատարել, քանի որ հայտարարության մեջ հստակ նշված է, որ գործընթացը կվերսկսվի, երբ թուրքերը պատրաստ կլինեն դրան: