Ապրիլի 21-ին, ժամը 9-18-ն ընկած ժամանակահատվածում փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատից երեք խումբ՝ կինոլոգներ, ջրասուզակներ եւ թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, վերսկսել են նախորդ օրը Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած՝ ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնողական աշխատանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, աշխատանքներն իրականացվել են ջրանցքի՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ Նոր Խարբերդ գյուղ, 16 կմ-անոց հատվածում: Դեպքի վայրում են գտնվել Հայաստանի փրկարար ծառայության «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար կազմի եւ Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները:

Ժամը 9.45-ից մինչեւ 19.30-ը որոնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ Արտաշատի հրշեջ-փրկարարների կողմից՝ մարզի տարածքով անցնող ջրանցքի՝ Ջրաշեն-Նոր Խարբերդ-Դիտակ-Արեւշատ եւ Քաղցրաշեն-Գետազատ-Նորաշեն գյուղերով անցնող հատվածում:

Իրականացված աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 22-ի առավոտյան: