«Ունենալով 5.5 տոկոս ընդհանուր աճ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտում դեռեւս ունենք անկում: Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, եւ կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռեւս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ սխալ է պատկերացումը, թե կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակում շինարարության ոլորտում ֆինանսավորում է իրականացրել: «Այդպիսի բան չի եղել, մենք մեր կանխիկ հոսքերը շինարարության ոլորտ չենք ուղղել, այլ հորդորել եւ խթանել ենք, որպեսզի առեւտրային բանկերը ֆինանսավորեն անավարտ շինարարությունները: Ընդ որում, այնպիսի անավարտ շինարարություններ, որոնց պատրաստվածության աստիճանը 50 տոկոսից ավելի է, եւ գրավադրված առարկաների եւ գույքի շուկայական արժեքը չափազանց բարձր է»:
Ընդ որում, ըստ նրա, այդպիսի երաշխիքների ծավալն ընդամենը 5 մլրդ է, այն դեպքում, երբ հիպոթեկային վարկավորմանն ուղղված միջոցներն առնվազն երեք անգամ գերազանցում են այն միջոցներին, որոնք առեւտրային բանկերն ուղղել են անավարտ շինարարությունները ավարտելուն:
«Կարեւոր է, որ մանրածախ առեւտուրն ավելացել է, եւ ծառայությունների ծավալն առաջին եռամսյակում շուրջ 6 տոկոսով աճել է: Արտահանումն ավելացել է 60 տոկոսով, ներմուծումը` 23-ով: Արտահանումն, իհարկե, հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով եւ համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ»,- ասել է վարչապետը:
«Երեկ Արժութի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ 2010 թ. կանխատեսումները ստիպված է լինելու փոխել, որովհետեւ առաջին եռամսյակի արդյունքները կանխատեսումից ավելի դրական են եղել: Դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ էլ արդեն զգացվում է ռեցեսիայի նվազում: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի վարչապետները: Երեւի ձեզանից շատերը հետեւել են Վլադիմիր Պուտինի հաշվետվությանը, եւ նույնպես տրվել է գնահատական, որ ռեցեսիան արդեն ավարտվել է: Առաջին եռամսյակում ե’ւ Ուկրաինան, ե’ւ Ռուսաստանը նույնպես գրանցել են 5 տոկոսանոց աճ: Հասկանալի է, որ սրանք այն երկրներն են, որոնք մեր տնտեսության վրա էական ազդեցություն ունեն»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:




























