ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այսօր՝ օգոստոսի 4-ին ժամանել է Կորեա, հաղորդում է հարավ-կորեական «Yonhap» գործակալությունը։ Միացյալ Նահանգների նախկին նախագահի այցի նպատակը 12-տարվա տաժանակիր աշխատանքի դատապարտված ամերիկացի երկու լրագրողուհիների ազատ արձակման շուրջ բանակցություններն են։
Փհենյանի օդակայանում Քլինթոնին դիմավորել են հյուսիսկորեական պաշտոնատար անձինք, այդ թվում վեցակողմ բանակցություններում հյուսիսկորեական պատվիրակության ղեկավար Կիմ Կի Գվանը։ «Փոքրիկ մի աղջիկ Բիլ Քլինթոնին նվիրել է ծաղկեփունջ»,- այսպես է նկարագրել գործակալությունը նախկին նախագահի Փհենյան այցելությունը։
Իր հերթին Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Քլինթոնի այցը՝ հայտարարելով, որ այդ առիթով պաշտոնական հայտարարությունը կլինի Վաշինգտոնից կան Փհենյանից։
Հիշեցնենք, որ ամերիկյան Current TV հեռուստաընկերության աշխատակիցներ Լորա Լինն ու Յունա Լին ԿԺԴՀ իշխանությունների կողմից ձերբակալվել էին մարտի կեսերին Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի սահմանի մոտակայքում՝ Չինաստանում հյուսիսկորեական փախստականների մասին նյութերի պատրաստման ժամանակ։ Հուլիսի 27-ին նրանց դատապարտել էին 12-տարվա տաժանակիր աշխատանքի՝ երկիր ապօրինի մուտք գործելու և Փհենյանի նկատմամբ «թշնամական գործողությունների» մեղադրանքով։




























