«Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ընկնում են ոստիկանություն, եւ այնտեղից մահացած են դուրս գալիս»,- ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ խոսելով ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի մասին։
Նրա խոսքով, «ոստիկանության բաժինների մոտ կամ պետք է „Մոտ չգալ. առողջության համար վտանգավոր է“ գրությամբ համապատասխան ցուցանակներ փակցվեն, կամ էլ մարդիկ պետք է վերջապես ինչ-որ միջոցներ ձեռնարկեն»։ «Սա առաջին դեպքը չէ. եւ պետք չէ մեզ համոզել, որ դա ինքնասպանություն է եղել։ Բայց եթե նույնիսկ խոսքն ինքնասպանության մասին է, միեւնույնն է, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի ոստիկանություն բերված մարդու հետ նման բան չպատահի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նման դեպքերը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համար խիստ դատապարտալի են։
«Մենք տեղյակ ենք, որ գործով արդեն իսկ ձերբակալված կա, բայց բոլոր վարկածներով, որոնք հետագայում կապացուցվեն, միեւնույնն է, պատասխանատվության խնդիր կա»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժին գողության կասկածանքով բերման ենթարկված 24-ամյա Վահան Խալաֆյանը, ոստիկանության պնդմամբ, հենց ոստիկանությունում ինքնասպան է եղել, սակայն տղայի հարազատները համոզված են, որ ոստիկանները պարզապես խոշտանգելով սպանել են Վահանին։




























