Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ կայացել է Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի անվտանգության ֆորումը՝ «Տարածաշրջանային հեռանկարները. Կովկասում չլուծված հակամարտությունների հեռանկարներ» խորագրով: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ունալ Չեվիքյոզն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության վրա եւ հայտարարել, թե թուրքական հասարակությունը չի համաձայնի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման:

Չեվիքյոզը առանձնահատուկ նշել է Կայունության եւ համագործակցության պլատֆորմի կարեւորությունը եւ հավելել, թե Թուրքիան, Ադբեջանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն այդ պլատֆորմի վերաբերյալ եւ արագացնեն իրենց ջանքներն այդ ուղղությամբ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում մենք արդեն 20 տարի կորցրել ենք»,- ասել է թուրք դիվանագետը: