Հայաստանի իշխող կոալիցիայի նախաձեռնությունը` ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելու եւ գործընթացն առկախելու վերաբերյալ, բացարձակապես անիմաստ քայլ է արտաքին քաղաքականության տեսանկյունից եւ, ավելի շուտ ուղղված է ներքին լսարանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ժողովրդական կուսակցությասն ղեկավար Տիգրան կարապետյանը: Նրա խոսքով, նման քայլ անելով իշխող ուժերը փորձել են առաջ ընկնել արձանագրությունների դեմ համախմբվող ընդդիմությունից, որն այսօր նույնպես հանդես է եկել հայտարարությամբ:
Իր հերթին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել է, որ իշխող կոալիցիային նախաձեռնությունը համաձայնեցված է եղել միջազգային հանրության հետ, քանի որ հիմնական արտաքին խաղացողները շեշտը դնում են ոչ թե հայ-թուրքական, այլ ԼՂ խնդրի լուծման վրա: «Այժմ օրակարգում հատկապես սուր է դրված հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող գոնե երկու շրջանների` Ֆիզուլիի եւ Աղդամի վերադարձը, որից հետո հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների առաջ կանաչ լույս կվառվի, սակայն բոլորովին այլ ռակուրսով»,- հայտարարել է նա ու հավելել, որ պատահական չէ, որ այսօր կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Արամ Կարապետյանը նշել է նաեւ, որ կոալիցիայի այս հայտարարությունը սեփական դեմքը փրկելու ձեւ էր, քանի որ հիմնական քաղաքական ուժերը հասկացել են, որ հայ-թուրքական գործընթացը մտել է փակուղի եւ իրենք չեն կարող լռել ապրիլի 24-ից առաջ: «Ընդհանուր առմամբ, չկա ոչ մի տրամաբանական բացատրություն, թե ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը հայ-թուրքական գործընթացից: Պարզ է մի բան. Սահմանը առաջվա նման փակ է եւ որեւէ առաջընթաց չկա»,- ասել է ՆԺԿ առաջնորդը, ընդգծելով, որ ներկա պայմաններում միակ ելքը իշխանափոխությունն է:
Նշենք, որ այսօր լրանում է մեկ տարին, երբ հրապարակվեց «ճանապարհային քարտեզի» մասին, որի հիման վրա մշակվեցին ու ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ այսօր, ՀՀ իշխող կոալիցիան հայտարարում է գործընթացն առկախելու եւ ԱԺ օրակարգից հանելու անհրաժեշտության մասին:




























