Հայաստանի քաղաքական կոալիցիան ճիշտ որոշում է կայացրել՝ Ազգային ժողովի քառօրյայից հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունները մինչ այն պահը, երբ Թուրքիայի քաղաքական էլիտան վերջնական որոշում կկայացնի եւ կվավերացնի դրանք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով կոալիցիայի՝ հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից դուրս բերելու եւ գործընթացն առկախելու որոշումը։
Նրա կարծիքով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններն այն մասին, թե երկկողմ արձանագրությունների վավերացման համար այդ երկրի խորհրդարանում համապատասխան մթնոլորտ դեռեւս չի ձեւավորվել, հիմք են տալիս մտածել, որ այս պարագայում իշխանությունների միակ ճիշտ քայլը արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովի քառօրյայից հետ կանչելն է. «Թուրքիան ինքն է որոշում՝ ուզո՞ւմ է 21-րդ դարին հարիր պետություն լինել, թե շարունակել գործել շառլատանական դիվանագիտության նրբերանգներով»,- նկատեց Զոհրաբյանը։
Ամփոփելով՝ ԱԺ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական ողջ գործընթացում Հայաստանը խաղի որեւէ կանոն չի խախտել. «Հայաստանը ոչ մի պայմանավորվածություն այս ամբողջ ընթացքում չի խախտել, ավելին՝ Թուրքիան է հետեւողականորեն եւ համառ կերպով փորձել նենգափոխել հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը»,- նշեց Ն. Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը, ի դեմս հայ-թուրքական գործընթացի, խաղասեղանին մեծ բան է դրել եւ դեռ կհասցնի ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, կոալիցիան ԱԺ օրակարգից հանել է արձանագրությունները եւ առկախել հայ-թուրքական գործընթացը։




























