«Բիզնես, որն ունի առաքելություն» նշանաբանի ներքո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիպումներ է ունենում աշխարհի հայության հետ: Մասնավորապես այդպիսի հանդիպումներ են կայացել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Լոս Անջելեսում: «Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում` ազգային ինքնության պահպանման ջանքերին աջակցության առումով: Յուրաքանչյուր հայի` աշխարհի որ անկյունում էլ որ նա լինի, մենք պետք է ասենք, թե որքան մեծ է մեր Հայրենիքը և որքան մեծ է մեր պատասխանատվությունը դրա զարգացման և բարգավաճման գործում»,-ԱՄՆ-ում ամենատարբեր տարիքի և մասնագիտության հայերի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների և տարիքի հայեր: «Մենք աշխատում ենք հանուն ժողովրդի` ոչ միայն հայրենիքում, այլև ողջ աշխարհում` ամեն տեղ, ուր հայ կա: Եվ մենք ուրախ ենք ծառայություններ մատուցել մեր կորպորատիվ պատասխանատվության գաղափարին համահունչ»,-ասել է Յիրիկյանը:
Առաքելության հաջորդ կանգառը Լոս Անջելեսն է եղել, որտեղ ընկերության ղեկավարը համալսարանական և դպրոցական լսարանին դիմելով` նշել է. «Եթե մենք կարողացանք իրագործել մեր նպատակները, ուրեմն կարող եք և դուք: Պետք չէ հարցնել, թե ի՞նչ է անում հայրենիքն ինձ համար, պետք է հարցնել` թե ես ի՞նչ եմ անում հայրենիքիս համար»:




























