«Տեղի ունեցավ այն, ինչ որ սպասվում էր. հայ-թուրքական գործընթացում, ըստ էության, փակուղային իրադրություն, սառեցված իրավիճակ էր ստեղծվել, եւ այս պարագայում կոալիցիայի կայացրած որոշումը ճիշտ էր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով կոալիցիայի՝ հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից դուրս բերելու եւ գործընթացն առկախելու որոշման մասին։
Թե ինչո՞ւ ամեն բան դասավորվեց հենց այս կերպ, նրա կարծիքով, պետք է հարցնել Թուրքիային. «Թե ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց, գիտի միայն Թուրքիան, որը հայ-թուրքական գործընթացը նպատակաուղղված կերպով հասցրեց այս հանգրվանին»,- նշեց թուրքագետը՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը նման փակուղային իրավիճակի ստեղծման մեջ կմեղադրի Թուրքիային։
Սաֆրաստյանի կարծիքով, հայ-թուրքական գործընթացն առկախելը հայկական կողմի վրա լուրջ հետեւանքներ չի ունենա, քանի որ ի սկզբանե ՀՀ իշխանությունները հանդես են եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու դիրքերից. «Միջազգային հանրությունը լավ է հասկանում, որ հայ-թուրքական հարաբերությունները վաղ թե ուշ պետք է կարգավորվեն, եւ որ այդ հարաբերությունների կարգավորումը երկընտրանք չունի»,- նկատեց նա։
Թուրքագետի համոզմամբ, այն ժամանակ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, այդ պահից էլ միջպետական հարաբերությունների կարգավորման հարցն առաջ կընթանա։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, կոալիցիան ԱԺ օրակարգից հանել է արձանագրությունները եւ առկախել հայ-թուրքական գործընթացը։



























