«Որքան շուտ հրաժարվենք հայ-թուրքական արձանագրություններից, այնքան ավելի լավ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով կոալիցայի՝ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովի քառօրյա օրակարգից հետ կանչելու այսօրվա որոշման մասին։

Նշելով, որ «Ժառանգությունը» մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական նոտաներ փոխանակելու օգտին՝ նա նկատեց, որ Հայաստանն այժմ էլ պետք է առաջնորդվի «ամեն ինչ սեղանին» մեթոդաբանությամբ։

Սաֆարյանի խոսքով, հայ-թուրքական գործընթացի առկախումը միջազգային հանրությանն այնքան էլ չի ուրախացնի. «Սակայն դա այնքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է , որ նույն այդ միջազգային հանրությունը դասեր քաղի Թուրքիայի պահվածքից, ինչն էլ հանգեցրեց ստեղծված իրավիճակին. խոսքը Թուրքիայի չնորացված քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա իր ուղերձում հայտարարել է, որ թեպետ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ներկա փուլը Հայաստանը սպառված է համարում, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները վճռել են առայժմ դուրս չգալ հայ-թուրքական գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը։