Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակեցնում է, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ առկախել է այն, մինչեւ որ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել ջանքերը հանուն խաղաղության հեռանկարի, հանուն կայունության եւ հաշտության: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ՝ դռները բաց պահել հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար»,- նշել է ԱՄՆ փոխպետքարտուղարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ իր որոշումը հիմնավորելով Թուրքիայի պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ ու արձանագրությունների վավերացումը ձգձգելու նրանց գործելաոճով:



























