ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը, որում ասվում է.

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված „նախաձեռնողական“ քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:

ՀԱԿ-ը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված եւ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաեւ գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:

Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ ազգային կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի: Օգտվելով ռեժիմի անձեռնահասությունից, Թուրքիան արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը հետեւողականորեն շարունակեց կապել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը (ԵԱՀԿ Աթենքյան հայտարարություն): Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձեւաչափը:

Խճճվելով սեփական „նախաձեռնողական“ քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանն այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:

Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը»: