ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ջանքերը, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին:
ԱՄՆ-ը, ըստ դիվանագետի, ելնում է նրանից, որ պաշտոնական Երեւանը դուրս չի եկել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ասված է, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ միայն կասեցնում է այն այնքան ժամանակ, քանի թուրքական կողմն առաջ շարժվելու պատրաստակամություն չի հայտնել»,- նշել է Քրոուլին եւ հավելել. "Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել աշխատանքը կայունության եւ հաշտեցման ուղղությամբ:
ԱՄՆ-ը համոզված է, որ "կարգավորման գործընթացը լուրջ օգուտներ կտա Հայաստանին եւ Թուրքիային, նաեւ ողջ կովկասյան տարածաշրջանին: «Մենք կոչ ենք անելու երկու կողմերին էլ, որ դռները բաց թողնեն հարաբերությունների կարգավորման ջանքերի համար»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Ես չէի ասի, թե մենք զարմացած ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունից: Մենք ակտիվ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ այստեղ Վաշինգտոնում: Մենք մշտական կապ ենք պահպանել Ադրբեջանի հետ: Կողմերը որոշ խնդիրների են բախվել արձանագրությունների կապակցությամբ: Կարծում եմ, որ կողմերից ոչ մեկը չի հրաժարվել արձանագրություններից, ուղղակի ժամանակ է պետք նոր խթանների համար»,- նկատել է Քրոուլին եւ հավելել, որ Վաշինգտոնում «մեսիջ» է տրվել՝ շարունակելու գործընթացը: «Եթե իրենք կարծում են, որ դեռ չի հասել ժամանակը, սարսափելի ոչինչ չկա: Մենք ետքայլ կանենք եւ կգնահատենք իրավիճակը»,- ասել է Քրոուլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ իր որոշումը հիմնավորելով Թուրքիայի պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ ու արձանագրությունների վավերացումը ձգձգելու նրանց գործելաոճով:




























