Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ն հայտնում են, որ միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, թե Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, Հայոց ցեղասպանությունը համարելով մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ է համարել այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը բարձր է գնահատել Պադովայի քաղաքապետարանի եւ անձնապես քաղաքապետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Դեսպանը կարեւորել է Գրացիելլա Վիգոյի կողմից կատարված աշխատանքը եւ շեշտել, որ միջոցառումը խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլեւ` նրա լուսավոր ապագան ու հայ ժողովրդի հավերժությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական եւ մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: